Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը հանդիպումներ ունեցավ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի համայնքի, աշակերտների ծնողների, ինչպես նաև ուսուցիչների և դպրոցի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին կրթության որակի բարելավմանը միտված կարևոր հարցեր։ Վաղարշակ Մատիկյանը ծնողների հետ զրույցում անդրադարձավ ուսումնական հաստատություններում առկա խնդիրներին, լսեց նրանց առաջարկություններն ու մտահոգությունները՝ կարևորելով համայնքի ակտիվ մասնակցությունը կրթական միջավայրի կատարելագործման գործընթացին։
Ուսուցիչների հետ քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց այն մեխանիզմներին, որոնք կարող են օգնել դասապրոցեսը դարձնել ավելի հետաքրքիր և բովանդակալից։ Քննարկվեցին վերապատրաստումների անհրաժեշտությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև ուսուցիչների միջև լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։
Դպրոցների գրադարանավարների հետ հանդիպման ժամանակ Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրեց նոր գործիքակազմ և տրամադրեց խորհրդատվություն դրա արդյունավետ կիրառման վերաբերյալ։ Նշվեց, որ այս գործիքները կնպաստեն գրադարանավարների աշխատանքի բարելավմանը և կխթանեն ընթերցանության զարգացումը դպրոցներում։
Այս հանդիպումները միտված են կրթական համայնքի բոլոր օղակների ներգրավմանը՝ համագործակցության, փորձի փոխանակման և միասնական աշխատանքի միջոցով հասնելու կրթության որակի բարձրացմանը։ Վաղարշակ Մատիկյանը կարևորեց շարունակական երկխոսության պահպանումը՝ ընդգծելով, որ միայն միասնական ջանքերով հնարավոր է ձևավորել գիտելիքահեն և մրցունակ կրթական համակարգ։