Հայաստանի Հանրապետության Կրթության տեսչական մարմին
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու
azdararir_gif

Ոլորտներ

ՀՀ կրթության տեսչական մարմինն իր գործունեությունը ծավալում է նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում:

Նախադպրոցական կրթությունն ամբողջական գործընթաց է, որն ուղղված է նախադպրոցական տարիքի երեխայի բազմակողմանի զարգացման ապահովմանը' նրա հակումներին, ընդունակություններին, կարողություններին, անհատական, հոգեկան և ֆիզիկական առանձնահտկություններին համապատասխան, ինչպես նաև նախադպրոցական տարիքի երեխայի մեջ վարվելակերպի տարրական նորմերի ձևավորմանը:

Հանրակրթությունն անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որն իրականացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական և լրացուցիչ ծրագրերով:

Հանրակրթությունը նպատակաուղղված է սովորողի մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական զարգացմանը, նրա անձի' որպես ապագա քաղաքացու ձևավորմանը, ինքնուրույն կյանքի, մասնագիտական կողմնորոշմանը և մասնագիտական կրթության նախապատրաստմանը:

Հանրակրթական հիմնական ծրագրերը, բացի նախադպրոցական ծրագրից, ներառում են նաև հետևյալ ծրագրերը.

1) տարրական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

2) հիմնական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

3) միջնակարգ հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ):

Համաձայն Հանրակրթության պետական կրթակարգի՝ նախատեսվում է Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունը իրականացնել 12-ամյա տևողությամբ եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում' հետևյալ հաջորդական աստիճաններով'

ա) տարրական դպրոց' 4 տարի (1-4-րդ դասարաններ)

 բ) միջին դպրոց' 5 տարի (5-9-րդ դասարաններ),

 գ) ավագ դպրոց' 3 տարի (10-12-րդ դասարաններ):

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության նպատակը նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է:

Միջին մասնագիտական կրթության նպատակը առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է:

Համաձայն «Նախնական մասնագիտական (արհեստագործական) միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի' արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է հետևյալ կրթական ծրագրերով. 1) արհեստագործական հիմնական կրթական ծրագրով' արհեստավորի,

 2) միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրով' մասնագետի,

3) արհեստագործական և միջին մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերով' վերապատրաստման, մասնագետների որակավորման բարձրացման և վերաորակավորման:

Արհեստագործական կրթության արհեստավորի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 6 ամսից մինչև 3 տարի է:

Միջին մասնագիտական կրթության մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 2 տարուց մինչև 5 տարի է:

 



ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 37/4

+374 10 20 30 53

support@eib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo