Կրթության տեսչական մարմինը, ելնելով քաղաքացիների դիմումներից և իրավական հստակ պահանջներից, նպատակ ունի ապահովել ուսումնական հաստատությունների ղեկավարների նշանակումների թափանցիկությունն ու օրինականությունը։ Այդ նպատակով 2025 թվականի մայիս–հունիս ամիսներին հարուցվել է վարչական վարույթ N համայնքապետարանի նկատմամբ։
Վարույթի հիմք են հանդիսացել քաղաքացիների դիմումները, որոնցում նշվել են համայնքի ղեկավարի կողմից նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակումների անօրինական և կողմնակալ բնույթը, մրցույթների կեղծ լինելը, ինչպես նաև ազգակցական կապերով պայմանավորված «անձնավորված նշանակումները»։
Ուսումնասիրության ընթացքում․
Մրցութային հանձնաժողովի անդամները հերքել են մրցույթների կեղծ լինելը և նշել, որ կողմնակալություն չի եղել։
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններն ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները հերքել են ազգակցական կապերի մասին պնդումները։
Համայնքի ղեկավարը հայտնել է, որ ինքը չի մասնակցել մրցութային հանձնաժողովների աշխատանքներին և հանձնաժողովի որևէ անդամի հրահանգ չի տվել։
Ըստ նրա՝ մրցույթները հիմնականում չեն կայացել մասնակիցներ չլինելու պատճառով։ Ազգակցական կապերը նույնպես հերքվել են համայնքի ղեկավարի կողմից։
Վարույթի արդյունքում հաստատված փաստեր
N համայնքի մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ տարիներ շարունակ պաշտոնավարել են առանց ղեկավարման իրավունքի (հավաստագրի)։
2024 թվականի հունիսի 1-ից պարտադիր դարձած ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պահանջը մի շարք տնօրեններ չեն ապահովել։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ տնօրենների մի մասն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ մյուս մասը նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Մրցույթները հիմնականում չեն կայացել մասնակիցներ չլինելու պատճառով։ Կայացած միակ մրցույթում հաղթող է ճանաչվել մեկ մասնակից։
Թափուր պաշտոններում ժամանակավոր նշանակումները երկարաձգվել են համայնքի ղեկավարի որոշումներով՝ մինչև մրցույթների արդյունքներում հաղթող ճանաչվելը։
Վարույթի եզրակացություններ և հանձնարարականներ
Տնօրենների մի մասը չի ապահովել ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պահանջը, սակայն որոշ դեպքերում համայնքապետի երկարաձգումները և ազատումները եղել են օրենքի շրջանակում։
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումները իրականացվել են առանց իրավական պահանջների պահպանման։
Մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատություններ գործել են առանց լիցենզիայի։
Համայնքի ղեկավարի գործողություններում արձանագրվել են իրավախախտումներ, որոնք ենթակա են շտկման։
Տեսչական մարմնի հանձնարարականներ
Կազմակերպել N համայնքի երկու նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենի պաշտոնների նշանակումները՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
Աջակցել առանց լիցենզիա գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններին լիցենզիա ստանալու գործընթացում։
Կրթության տեսչական մարմինը կարևորում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառավարման ոլորտում օրինականության ապահովումը՝ որպես նախադպրոցական կրթության որակի և հավասար հնարավորությունների հիմնական երաշխիք։ Հանձնարարականների պատշաճ կատարումը կնպաստի ոլորտում առկա խնդիրների շտկմանը։