Կայացավ ուսումնական հաստատությունների ծնողական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպում։
ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը և ղեկավարի տեղակալ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը հանդիպեցին Կոտայքի և Արարատի մարզերի ուսումնական հաստատությունների ծնողական համայնքների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ուսումնական գործընթացում առկա խնդիրներն ու լսելու ծնողների առաջարկները։ Հանդիպմանը մասնակցում էին Կոտայքի մարզի շուրջ 20 և Արարատի մարզի շուրջ 60 ուսումնական հաստատությունների ծնողական համայնքների ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում բարձրաձայնվեցին մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում՝
Ուսումնական ծրագրերի բարելավման անհրաժեշտությունը։
Ծնողական խորհուրդների դերի կարևորությունը և դրանց աշխատանքի ընթացակարգը՝ սահմանված կարգով։
Երեխաների ուսման գործընթացում ծնողների ներգրավվածության ընդլայնումը՝ ծնողական խորհուրդների կազմակերպած աշխատանքի շրջանակում։
Կրթական միջավայրի անվտանգության բարելավումը և խնդիրների բարձրաձայնման այլ ձևաչափերի պահպանումը։
Միջոցառման ավարտին ծնողական համայնքների ներկայացուցիչները ներկայացրին մի շարք կառուցողական առաջարկներ։
Հանդիպման նպատակն էր ապահովել երկխոսություն ուսումնական հաստատության և ծնողական համայնքի միջև՝ նպաստելով կրթական միջավայրի որակի բարձրացմանը և երեխաների կրթության արդյունավետ կազմակերպմանը։