ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Նիստի օրակարգում Կրթության տեսչական մարմնի 2024 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերի ներկայացումն էր:
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականին նախատեսվող աշխատանքները' նշելով, որ նախատեսվում է իրականացվել 130 ստուգում, որից 6-ը՝ նախադպրոցական, 112-ը՝ հանրակրթական, 12-ը՝ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Այս ուսումնական հաստատություններից 111-ում ստուգումներ իրականացվելու են առաջին անգամ: Ըստ Մատիկյանի՝ ստուգումների ծրագիրը կազմվել է ռիսկերի մեթոդաբանության հիման վրա: