Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներին՝ ղեկավար Վաղարշակ Մատիկյանի գլխավորությամբ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ընթացիկ աշխատանքային, տեսչական մարմնի տարեկան ստուգումներին առնչվող հարցեր։ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» օրենքի նախագիծն ու առաջիկայում նախատեսվող որոշակի փոփոխությունները։
Կարևորելով կրթության բնագավառում շարունակական բարեփոխումներն ու կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերի իրականացումը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է թե համագործակցության, թե համատեղ աշխատանքի։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության բնագավառում մարզի արձանագրած հաջողություններին, ձեռքբերումներին, ինչպես նաև ոլորտի հիմնախնդիրներին։