ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ղեկավարի տեղակալ Արսեն Բաղդասարյանը և հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը շրջայց կատարեցին Արարատի մարզի և Երևանի դպրոցներում, որտեղ ընթանում են ՀՀ կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումները։
Այցի ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները հանդիպեցին «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագրի շրջանակներում ներգրավված դասալսող մասնագետների հետ, քննարկեցին առկա խնդիրները։ Տեսչական մարմնի ղեկավարը լսեց դասալսումները առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ մասնագետների առաջարկությունները։
Շրջայցի ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները հանդիպեցին նաև դպրոցների տնօրեններին, քննարկեցին «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը:
Այնուհետև տեսչական մարմնի աշխատակիցները Վ․ Մատիկյանին ներկայացրին կատարված աշխատանքները, տեսչական մարմնի կողմից սովորողներին տրված՝ մնացորդային գիտելիքները ստուգող գրավոր աշխատանքների նախնական արդյունքները՝ հայոց լեզու և մաթեմատիկա առարկաներից: