Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են Կառավարությանը ենթակա Տեսչական մարմինների 𝟐𝟎𝟐𝟐թ. գործունեության հաշվետվությունները:
Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի նախարարները, Տեսչական մարմինների ղեկավարները, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք:
Տեսչական մարմինների ղեկավարները Վարչապետին զեկուցել են 𝟐𝟎𝟐𝟐թ. կատարված աշխատանքների վերաբերյալ:
Կրթության տեսչական մարմնի կողմից նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում իրականացվել է 212 ստուգում, արձանագրվել է 1544 խախտում: 2022թ. մեկնարկել է «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագիրը, որի շրջանակում գնահատվել են ուսուցիչների մեթոդական և տեխնոլոգիաների կիրառման հմտությունները, մասնագիտական գիտելիքները, արդյունքում տրամադրվել են կրթական գործընթացի վերաբերյալ ցուցումներ: 40 դպրոցում կատարվել է աշակերտների մնացորդային գիտելիքների ստուգում, ԿԳՄՍՆ կողմից միջոցառումներ են ձեռնարկվել կրթության որակի արդյունքների բարելավման ուղղությամբ:
Տեսչական մարմինների ղեկավարներն իրենց զեկույցներում նշել են, որ հաշվետու տարում նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, իրականացվել են հանրային իրազեկման միջոցառումներ, վերահսկողության գործընթացում ներդրվել են թվային գործիքներ: Տեղեկատվություն է ներկայացվել նաև կառուցվածքային բարեփոխումների և կադրային համալրվածության վերաբերյալ:
Վարչապետին ներկայացվել են նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից կատարված աշխատանքներն ու օրենսդրական նախաձեռնությունները: Նշվել է, որ վերլուծության արդյունքում վեր են հանվել որոշ խնդիրներ, որոնք անհրաժեշտ են դարձնում վերահսկողության ռազմավարական մոտեցումների հստակեցումը և ըստ այդմ՝ տեսչական գործառույթների, ընթացակարգերի, գործիքակազմի լավարկումը:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն զեկույցների վերաբերյալ, արծարծվել են ներկայացված թեմաներին վերաբերող հարցեր, քննարկվել են հետագա անելիքները:
Վարչապետն անդրադարձել է վերահսկողության ռազմավարության խնդրին՝ կարևորելով քաղաքականությունների մշակման գործընթացի վրա տեսչական վերահսկողության արդյունքների ազդեցության գնահատումը և ստանդարտների մշակումը: «Մենք պետք է չափանիշներ ձևավորենք բոլոր ոլորտներում, որպեսզի կարողանանք բովանդակային և որակական վերահսկողություն իրականացնել», - նկատել է Կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը խոսել է տեսչական համակարգում թվային գործիքակազմի շարունակական ներդրման մասին, որը թույլ կտա զարգացնել համակարգերի փոխգործելիության մակարդակը և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: Երկրի վարչապետն ընդգծել է մի շարք ուղղություններով բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը և խորհրդակցության արդյունքներով տվել հանձնարարականներ: