ՀՀ կրթության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի Գ․ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում կայացավ հանդիպում Երևանի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ։ Հանդիպման նպատակն էր՝ «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, տեղակալներ Ռաիսա Գալստյանը և Արսեն Բաղդասարյանը, Հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը, ԻԱՓ վարչության գլխավոր մասնագետ Կարեն Օսեյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը։
Ծավալված ակտիվ քննարկման ընթացքում տնօրենները բարձրաձայնեցին իրենց մտահոգող մի շարք հարցեր և խնդիրներ, ներկայացվեցին առաջարկություններ օրենքի նախագծի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Այնուհետև առաջարկվեց մինչև օրենքի նախագծի հանրային քննարկման ներկայացնելը Կրթության տեսչական մարմին ներկայացնել օրինագծում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ գրավոր առաջարկություններ։
Իր խոսքում Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը նաև շնորհակալություն հայտնեց ուսումնական հաստատությունների տնօրեններին մասնակցության և ակտիվ քննարկման համար, ինչպես նաև հույս հայտնեց, որ նման հանդիպումները ուղղված կլինեն կրթության որակի բարելավմանը դպրոցներում։