Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը և Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը շրջայց կատարեցին Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, որտեղ ընթանում է Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգում։ Ստուգման գործընթացին ծանոթանալուն զուգահեռ պարոն Մատիկյանի այցի նպատակն էր սույն թվականի մարտի 2-ին կայացած քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրաձայնված հարցը տեղում ուսումնասիրելը և հնարավոր արդյունավետ լուծման առաջարկի քննարկումը։ Այնուհետև Կրթության տեսչական մարմնի՝ ստուգում իրականացնող ծառայողները Վ․ Մատիկյանին ներկայացրին ստուգման աշխատանքների ընթացքը։ Անցկացվեց աշխատանքային քննարկում դպրոցի տնօրենի մասնակցությամբ։