ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Վաղարշակ Մատիկյանին նշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Վաղարշակ Մատիկյանը մասնագիտությամբ պատմաբան է: 10 տարուց ավելի է՝ աշխատում է հանրակրթության ոլորտում, ունի դասավանդման, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների ստեղծման և գնահատման փորձառություն։
Վաղարշակ Մատիկյանը 2015-ից 2017 թվականներին աշխատել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամում, 2017-ից 2019 թվականներին՝ Դասագրքերի շրջանառու հիմնադրամում՝ որպես ֆրանսերեն լեզվի ուսուցման կազմակերպիչ, համայնքի զարգացման միջոցառումների մշակման և առաջնորդական հմտությունների զարգացման համակարգող, 2019-ից 2020 թվականներին աշխատել է «Անտարես» հրատարակչությունում, 7-րդ դասարանի պատմության դասագրքի համահեղինակն է:
2013 թվականից մինչև այժմ աշխատում է Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի Ա․ Երիցյան վարժարանում՝ որպես ուսուցիչ: 2020 թվականից մինչև այժմ համատեղության կարգով աշխատում է Նորարար կրթական նախաձեռնությունների հիմնադրամում՝ որպես համակարգող:
https://www.e-gov.am/decrees/item/25758/