2023 թվականի հունվարի 25-ին կայացել է Կրթության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կառավարման խորհրդի նիստը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:
Նիստին մասնակցել են տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամները, ինչպես նաև տեսչական մարմնի ներկայացուցիչները:
Համաձայն նիստի օրակարգի՝ ներկայացվել են տեսչական մարմնի գործունեության 2022 թվականի տարեկան հաշվետվությունը, 2022 թվականի 4 եռամսյակների կատարողականները, տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի 2022 թվականի 1-ին և 2-րդ կիսամյակների հաշվետվությունները: Քննարկվել են տեսչական մարմնի 2022 թվականի գործունեության նպատակներն ու արդյունքները, բացահայտված ռիսկերը, խնդիրները և ներկայացվել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Քննարկման արդյունքում կառավարման խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը ներկայացրել է տարեկան հաշվետվության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկ: Խորհուրդը հավանություն է տվել ներկայացված հարցերին՝ առանձին վերապահումներով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տեսչական մարմնի գործունեությանն առնչվող ընթացիկ հարցեր:
Կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը տեսչական մարմնին է ներկայացրել խորհրդի հանձնարարականները: