ՀՀ կրթության տեսչական մարմնի նախաձեռնությամբ սույն թվականի փետրվարի 24-ին կայացավ աշխատանքային քննարկում, որին մասնակցեցին Երևան քաղաքի մի քանի դպրոցների դասվարներ:
Քննարկման առարկան տեսչական մարմնի կողմից մշակված ընթերցանության ծրագիրն էր, որը նպատակ ունի գնահատելու 4-րդ դասարանի սովորողների ընթերցանության կարողությունները. արդյո՞ք սովորողները կարողանում են իրենց տարիքին համապատասխան տեքստեր կարդալ և ընկալել:
Գործիքակազմը (առաջադրանքը), որը մշակվել է տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից, ընդգրկում է երկու թեմատիկ դաշտ՝
գեղարվեստական.
գիտահանրամատչելի:
Առանձնացվել են սովորողների ընկալման չորս գործընթացներ՝
արդյո՞ք կարողանում են վերհիշել տեքստում առկա տեղեկատվությունը.
կարողանու՞մ են եզրակացություններ անել տեքստի բովանդակությունից,
կարողանու՞մ են արդյոք մեկնաբանել ընթերցածը,
կարողանու՞մ են գնահատել տեքստի բովանդակությունը (օրինակ՝ ինչ լեզվական հնարքներ է կիրառել հեղինակը):
Ստանալով քննարկման մասնակիցների դիտարկումներն ու մեկնաբանությունները՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները ըստ անհրաժեշտության լրամշակման կենթարկեն գործիքակազմը: