ՀՀ կրթության տեսչական մարմնի գործունեության 2022 թվականի տարեկան ծրագրով նախատեսվել է «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակում իրականացնել սովորողների մնացորդային գիտելիքների մակարդակի որոշման և ուսուցմանը աջակցման միջամտություն՝ երեք առարկայական ուղղություններով՝ հայոց լեզու, մաթեմատիկա և մայրենի (ընթերցանություն):
ՀՀ կրթության տեսչական մարմինը դեռևս նախորդ տարի համագործակցության առաջարկ էր ներկայացրել Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանին (ՀՊՄՀ) և «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամին:
Համագործակցության շրջանակում 2021 թվականի նոյեմբերի 23-ին տեսչական մարմնում կայացած առաջին աշխատանքային հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել էին առավել հստակեցնել հնարավոր անելիքների շրջանակները և համապատասխան ընթացակարգային պահանջները՝ նախապատրաստելով համագործակցության իրավական կարգավորման հիմքերը:
2022 թվականի փետրվարի 11-ին կայացավ ևս մեկ աշխատանքային հանդիպում, որին մասնակցեցին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանը, «իԳործ» ծրագրի շրջանակում տեսչական մարմնի աշխատանքներին միացած Սերինե Ավետիսյանը և Նարինե Սիրականյանը, ՀՊՄՀ Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը, ՀՊՄՀ Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Արթուր Թադևոսյանը, ՀՊՄՀ Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Քնարիկ Հովհաննիսյանը, ՀՊՄՀ Տարրական կրթության ֆակուլտետի գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ Լուսինե Պողոսյանը և ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՊՄՀ-ի և ԿԶՆԱԿ-ի կողմից ներկայացված առաջարկությունների և դիտարկումների հիման վրա լրամշակված դասալսման ձևաթուղթը և դասալսողի հուշաթերթը:
Քննարկման արդյունքում որոշվեց ձևաթղթերի վերջնական լրամշակման համար դրանք տեղադրել Google drive հարթակում և սեղմ ժամկետում ներկայացնել առաջարկություններ և դիտարկումներ:
Տեսչական մարմինը կհամադրի բոլոր առաջարկություններն ու դիտարկումները և կնախապատրաստի ծրագրի իրականացման հաջորդ փուլի համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: