ՀՀ կրթության տեսչական մարմնի 2022 թվականի գործունեության ծրագրով նախատեսվում է սովորողների մնացորդային գիտելիքների մակարդակի որոշման և ուսուցման աջակցման միջամտություն իրականացնել երեք առարկայական ուղղություններով՝ հայոց լեզու, մաթեմատիկա և մայրենիի ընթերցանություն:
Այս հանձնառությունն առավել արդյունավետ իրականացնելու համար տեսչական մարմինը համագործակցության առաջարկով է հանդես եկել Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանին (ՀՊՄՀ) և «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամին:
Համագործակցության առաջարկի շրջանակներում սույն թվականի նոյեմբերի 23-ին տեսչական մարմնում տեղի է ունեցել առաջին աշխատանքային հանդիպումը, որին մասնակցում էին ՀՊՄՀ կրթության վարչության պետ Գուրգեն Հովհաննիսյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը, նույն հիմնադրամի վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի պետ Արման Մալոյանը:
Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ողջունելով գործընկերներին, շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար, ամփոփ ներկայացրել է նախատեսվող աշխատանքի ուղղություններն ու հնարավորությունները:
«իԳործ» ծրագրի շրջանակում տեսչական մարմնի աշխատանքներին միացած Սերինե Ավետիսյանը հանդիպման ընթացքում մասնակիցներին է ներկայացրել նախատեսվող աշխատանքի մանրամասները, դրանց իրականացման հետ կապված համատեղ անելիքների վերաբերյալ տեսչական մարմնի պատկերացումները:
Աշխատանքային հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են, յուրաքանչյուրն իր մասով, առավել հստակեցնել հնարավոր անելիքների շրջանակները և համապատասխան ընթացակարգային պահանջները՝ նախապատրաստելով համագործակցության իրավական կարգավորման հիմքերը: