«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունեցավ որակի ապահովման 4-րդ ֆորումը, որն այս տարի կրում է «Կրթություն և մասնագետ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագիրը: Երկօրյա համաժողովի կազմակերպիչն է մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը:
Ֆորումին մասնակցում են բուհերի և քոլեջների ներկայացուցիչներ, ԿԳ նախարարության ներկայացուցիչներ, ԿԳՆ տեսչական մարմնի աշխատակազմից մասնագետներ, կրթության որակի ապահովման փորձագետներ Հայաստանից, Մեծ Բրիտանիայից և Նիդեռլանդներից:
Ֆորումի մասնակիցները քննարկեցին «Միայն կրթված մարդ, թե նաև մասնագետ» հարցը: Մեծամասնության կարծիքով' մասնագիտական ուսումնական հաստատությունները պետք է պատրաստեն մասնագետներ, իհարկե, չանտեսելով ընդհանուր կրթությունը: Կրթված մարդ ունենալու գործում շեշտադրվեց դպրոցի դերը:
«Որակի ապահովման 4-րդ ֆորումը հասավ իր նպատակին: Կարծում եմ, որ ֆորումի մասնակիցներն իրենց ուսումնական հաստատություն կգնան՝ իրենց հետ տանելով երկօրյա բուռն քննարկումների արդյունքները, բարձրացված հարցերն իրենց ուշադրության կենտրոնում կպահեն, կփորձեն լուծումներ փնտրել»,-իր խոսքում ասաց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը: