2020 թվականի հուլիսի 1-ից ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «իԳործ» բացառիկ ծրագիրը, որը սփյուռքահայ մասնագետներին տալիս է հնարավորություն աշխատելու Հայաստանի պետական մարմիններում:
Այս ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը հանդիպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի պատասխանատու Լիանա Սիմոնյանին և ծրագրի շրջանակներում Կրթության տեսչական մարմնին միացող մասնակիցներին: Ծրագրի պատասխանատու Լիանա Սիմոնյանը նշեց, որ ծրագրի առաքելությունն է հայրենադարձության' մասնավորապես մասնագիտական հայրենադարձության խթանումը: Շուրջ 100 մասնագետներ սփյուռքից կհամալրեն պետական կառավարման համակարգը' բերելով իրենց հետ արտասահմանյան փորձն ու խորացնելով մասնագիտական գիտելիքները:
ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատանքներին աջակցելու, նոր կարգավորումների և գործիքակազմերի մշակմանը մասնակցելու համար Կրթության տեսչական մարմնի աշխատակազմը հյուրընկալել է Արփինե Պողոսյանին և Նարինե Սիրականյանին, որոնք հայրենիք են եկել մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ։
Ալեքսանդր Շագաֆյանն իր հերթին ողջունելով հյուրերին' հույս հայտնեց, որ մասնակիցները ցանկություն կհայտնեն մնալ Հայաստանում ու աշխատել ՀՀ պետական կառավարման համակարգում, ինչու ոչ, նաև հենց ՀՀ կրթության տեսչական մարմնում: