ՀՀ ԿԳ նախարարության կրթության տեսչական մարմնի աշխատանքային գործունեությունն առավել արդյունավետ և մասնակցային կազմակերպելու նպատակով Երևանի ինֆորմատիկայի քոլեջում կայացավ աշխատանքային հանդիպում Երևանի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ մեթոդիստ-մասնագետների հետ:
Հանդիպման նպատակը վերահսկողական գործառույթների վերաբերյալ իրազեկության բարձրացումն է, հաստատությունների մեթոդիստ-մասնագետների կողմից հաճախ հանդիպող խնդիրների քննարկումը և փորձի փոխանակումը, ինչպես նաև հետագա գործընթացներում հմուտ և փորձառու մասնագետներին ներգրավելը:
Նման հանդիպումները Կրթության տեսչական մարմինը նախատեսում է դարձնել շարունակական, նաև հանրապետության մարզերում, քանի որ այդ միջոցով հնարավոր կլինի հետագա ստուգումներն ու ուսումնասիրությունները կազմակերպել առավել թափանցիկ և արդյունավետ: