Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ կրթության բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
Տեսչական մարմինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
Տեսչական մարմինը գործում է Սահմանադրության, «Տեսչական մարմինների մասին» օրենքի, այլ օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
Տեսչական մարմնի նպատակն է՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում օրենսդրության պահանջների պահպանման ապահովումը, կրթության որակի բարձրացումը և կրթական ծրագրերի յուրացման ապահովմանն աջակցումը:
Տեսչական մարմնի խնդիրներն են` նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանումը, ինչպես նաև նշված ոլորտներում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: