Հիմք ընդունելով քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված և Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնին հասցեագրված դիմումով ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Աքորու միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին վերաբերող տեղեկատվությունը՝ տեսչական մարմինն իր նախաձեռնությամբ 2025 թվականի նոյեմբերի 17-ին հարուցել և դպրոցում իրականացրել է վարչական վարույթ։
Վարույթի շրջանակներում պարզաբանման ենթակա հարցերն են եղել դասաբաշխման գործընթացի համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված կարգին, մանկավարժական աշխատողների որակավորման համապատասխանությունը իրավական պահանջներին, դասապրոցեսի իրականացման տևողությունը, ինչպես նաև դպրոցում քաղաքական քարոզչության հնարավոր առկայությունը։ Պարզաբանման կարիք են ունեցել նաև նպատակային առարկաների ընտրության կարգը համապատասխան դասարաններում՝ սովորողների ինքնուրույն ընտրության ապահովումը և ծնողների դիմումների առկայությունը։
Ուսումնասիրվել են դպրոցի տնօրենի կողմից օրենքով սահմանված հաստիքներ զբաղեցնող անձանց հետ ազգակցական կամ խնամիական կապերի հնարավոր առկայությունը, 2024–2025 ուսումնական տարվա վերաքննությունների կազմակերպման և անցկացման համապատասխանությունը սահմանված կարգին։ Պարզաբանման հարց է եղել նաև դպրոցի տնօրենի կնոջ կողմից սովորողների գնահատման անաչառությունը։
Վարույթի արդյունքում հայտնաբերված՝ կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումներն առնչվել են համապատասխան մասնագիտական որակավորում չունեցող անձանց կողմից առարկաների դասավանդմանը, դպրոցի տնօրենի և առանձին մանկավարժական աշխատողների կողմից իրենց պաշտոնային պարտականությունների չկատարմանը՝ այդ թվում առանձին հաստիքի (հոգեբան) բացակայության պատճառով, մանկավարժական աշխատողների վարքագծի կանոնների ոչ պատշաճ պահպանմանը, դպրոցի խորհրդակցական մարմինների լիազորությունների ոչ լիարժեք իրականացմանը, դպրոցի ոչ բավարար բարոյահոգեբանական մթնոլորտին:
Վերոնշյալ խախտումների վերացման ուղղությամբ դպրոցին տրվել են հանձնարարականներ՝ համաձայն տեսչական մարմնի ղեկավարի կարգադրության:
Վարույթի արդյունքները ներկայացվել են տվյալ պահին դպրոցի լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և տեսչական մարմնին տեղեկացնելու վերաբերյալ առաջարկությամբ, իսկ վարույթի շրջանակում ներգրավված վկաների ցուցմունքներում բարձրաձայնված՝ սովորողների նկատմամբ բռնության դեպքերին առնչվող փաստարկի ուսումնասիրությունը՝ համապատասխան գրությամբ վերահասցեագրվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը։
Դիմումատուի կողմից դպրոցի տնօրենի անօրինական գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հասցեագրվել և տեսչական մարմնին 2026 թվականի սեպտեմբերի 9-ին վերահասցեագրվել է ևս մեկ դիմում, որին սահմանված կարգով ընթացք չի տրվել, քանի որ դիմումատուն 2026 թվականի սեպտեմբերի 15-ին տեսչական մարմնին ուղղված նոր դիմումով խնդրել է գործողություններ չիրականացնել՝ նշելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կամ նախարարության հանրակրթության վարչության պետի հետ հանդիպելու իր ցանկության մասին։