Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինն էլեկտրոնային փոստով ստացել է Կոտայքի մարզի երկու քաղաքացիների դիմումները։ Դիմումներում ներկայացվել է տեղեկատվություն Կոտայքի մարզի Աբովյանի N դպրոցի դասվարի կողմից սովորողի և նրա ծնողի հետ շփման ընթացքում դրսևորված ենթադրյալ ոչ պատշաճ վարքագծի, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված որոշ խնդիրների վերաբերյալ։
Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ։ Վարչական վարույթի նպատակն է եղել պարզել ներկայացված տեղեկությունների իսկությունը, հասկանալ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները և գնահատել՝ արդյոք դպրոցի աշխատակիցների գործողություններում առկա են օրենսդրության պահանջների խախտումներ։
Այդ նպատակով վարույթի ընթացքում ուսումնասիրվել են դպրոցում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող փաստաթղթերը, այդ թվում՝ էլեկտրոնային դասամատյանը, ուսուցիչների թեմատիկ պլանավորումները, դասվարի աշխատանքային պլանը, ինչպես նաև դպրոցի ներքին աշխատանքներին վերաբերող այլ նյութեր։ Բացի այդ, իրականացվել են հանդիպումներ և լսումներ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, տնօրենի տեղակալի, կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի, դպրոցի հոգեբանի, ուսուցչի օգնականների, դասվարի, ինչպես նաև դասարանի ծնողների և տվյալ դասարանում դասավանդող ուսուցիչների հետ։
Վարույթի շրջանակում որպես փորձագետ ներգրավվել է նաև «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբանը, որը կատարել է հոգեբանական ուսումնասիրություն՝ գնահատելու դասարանում առկա բարոյահոգեբանական իրավիճակը և սովորողների հարաբերությունները դասվարի հետ։
Վարչական վարույթի ընթացքում իրականացված փաստաթղթային ուսումնասիրությունների, վարույթի մասնակիցների և վկաների լսումների, ինչպես նաև փորձագիտական ուսումնասիրության արդյունքների հիման վրա պարզվել է, որ դասվարը սովորողի և նրա ծնողի նկատմամբ դրսևորել է մանկավարժին ոչ հարիր վարքագիծ, որն արտահայտվել է վիրավորական և ոչ պատշաճ արտահայտություններով։ Դեպքը տեղի է ունեցել ծնողի հետ հեռախոսազրույցի ընթացքում և դասարանի ծնողների ներկայությամբ, ինչը հանգեցրել է ծնող-ուսուցիչ հարաբերությունների սրմանը և սովորողի կողմից որոշ ժամանակ դպրոց չհաճախելուն։
Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքում դասվարը թույլ է տվել մի շարք կազմակերպչական խախտումներ։ Մասնավորապես՝ դասաժամերի ընթացքում իրականացվել են արտադասարանական միջոցառումներ, առանց տնօրինությանը տեղեկացնելու փոփոխվել են որոշ դասաժամեր, «Ֆիզկուլտուրա» առարկայի դասաժամերը ամբողջությամբ չեն իրականացվել, իսկ որոշ դասաժամեր օգտագործվել են միջոցառումների նախապատրաստական աշխատանքների համար։
Բացի այդ, պարզվել է, որ դասվարը, առանց տնօրինությանը նախապես տեղեկացնելու, կազմակերպել է արտադասարանական միջոցառումներ և առաջին կիսամյակի ավարտին իրականացրել է դասագրքերի առաջին մասերի հավաքումը։
Վարչական վարույթի ընթացքում նաև պարզվել է, որ դպրոցի տնօրինության կողմից լիարժեք վերահսկողություն չի իրականացվել ուսումնական գործընթացի կազմակերպման, դասվարի գործունեության և արտադասարանական աշխատանքների նկատմամբ։ Մասնավորապես՝ տնօրենի տեղակալի, կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի, ինչպես նաև դպրոցի հոգեբանի կողմից իրենց գործառույթների շրջանակում անհրաժեշտ վերահսկողությունը և աջակցությունը ամբողջությամբ չեն իրականացվել։
Վարչական վարույթի ընթացքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված հանգամանքները բացասաբար են անդրադարձել ծնող-ուսուցիչ համագործակցության վրա և կարող են ազդեցություն ունենալ դպրոցում բարենպաստ բարոյահոգեբանական միջավայրի պահպանման վրա։
Վարչական վարույթի ընթացքում հավաքագրված տեղեկատվության, փաստաթղթերի ուսումնասիրության, լսումների ընթացքում ներկայացված պարզաբանումների և փորձագիտական եզրակացության հիման վրա տեսչական մարմնի ղեկավարը տվել է կարգադրագիր.
1․Վերահսկողություն իրականացնել տնօրենի տեղակալի, կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի, ուսուցչի օգնականների, հոգեբանի, դասվարի աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։
2․Հսկողություն իրականացնել դպրոցում իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքների ընթացքի նկատմամբ։
3․Ապահովել հոգեբանական խմբային աշխատանքների իրականացումը ՝ ուղղված մանկավարժական աշխատողների մասնագիտական սթրեսի և հուզական այրման հաղթահարմանը։
4․Պարբերաբար իրականացնել դիտարկումներ և դասալսումներ դասվարի, ինչպես նաև մյուս մանկավարժական աշխատողների մոտ՝ դպրոցում ուսումնական գործընթացի և բարոյահոգեբանական մթնոլորտի մշտադիտարկման նպատակով:
5․Ապահովել ծնող–դպրոց համագործակցության ամրապնդումը պարբերական հանդիպումների, քննարկումների և փոխադարձ հաղորդակցության միջոցով։
6․Վերահսկողություն իրականացնել մանկավարժական աշխատողների գործունեության ու վարքագծի նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան
7.Իրազեկել մանկավարժական աշխատողներին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» N 10-Ն հրամանի դրույթներին:
8․Քննարկել մանկավարժական աշխատողների հետ ուսուցչի բարեվարքության կանոնների պահպանման կարևորությունը ու դրա կիրառումը ուսումնական միջավայրում:
9․Համագործակցել Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հետ՝ պարբերաբար աջակցություն ստանալու և անհրաժեշտության դեպքում մասնագիտական միջամտություն կազմակերպելու նպատակով։