Կրթության տեսչական մարմնի «Թեժ գիծ» հեռախոսակապով ներկայացվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ Արարատի մարզի N միջնակարգ դպրոցում առկա է անառողջ մթնոլորտ, տնօրենը ստեղծում է այնպիսի իրավիճակ, որը, ըստ հաղորդման, անհնար է դարձնում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու աշխատանքը, պարբերաբար դասալսումներ է իրականացնում և սովորողների ներկայությամբ դիտողություններ է անում։ Նշվել է նաև, որ ուսուցչուհին ունի առողջական խնդիրներ ունեցող երեխա, ինչի պատճառով որոշ ժամանակահատվածներում բացակայել է աշխատանքից, և, ըստ հաղորդման, նրան ուղղորդել են ազատվել աշխատանքից։ Միաժամանակ նշվել է, որ ծնողները և սովորողները բարձր են գնահատում ուսուցչուհու աշխատանքը։
Ներկայացված տեղեկատվության հիման վրա տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հարուցվել է վարչական վարույթ դպրոցի նկատմամբ։
Վարույթի ընթացքում ուսումնասիրվել են «Հայոց լեզու և գրականություն» մեթոդական միավորման նիստերի արձանագրությունները, հրամանագիրքը, տնօրենի, տնօրենի տեղակալի և մեթոդական միավորման ղեկավարի կողմից իրականացված դասալսումների արձանագրությունները, ինչպես նաև բաց թողած և փոխարինված դասաժամերի հաշվառման մատյանը։ Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մեթոդական միավորման ուսուցիչները ուսուցչուհու մոտ ուսուցման որակի բարձրացման նպատակով դասալսումներ չեն իրականացրել այն ծավալով, որը սահմանված է իրավական ակտերով։
Դպրոցի տնօրենը պարզաբանել է, որ ուսուցչուհին դպրոցում աշխատում է շուրջ մեկուկես տարի, սկզբնական շրջանում եղել է սկսնակ և ունեցել է որոշակի դժվարություններ, սակայն արձանագրվել է մասնագիտական աճ։ Դասալսումները, տնօրենի պարզաբանմամբ, իրականացվել են աջակցություն ցուցաբերելու նպատակով, իսկ քննարկումները եղել են աշխատանքային և կառուցողական միջավայրում։ Սովորողների ներկայությամբ դիտողություններ կատարելու փաստը տնօրենը հերքել է։ Միաժամանակ նշել է, որ ուսուցչուհու բացակայությունների ժամանակ դասաժամերը փոխարինվել են համապատասխան մասնագետների կողմից։
Դպրոցի հոգեբանը հայտնել է, որ ուսուցչուհու հետ իրականացվել են խորհրդատվություններ՝ հույզերի կառավարման և աշխատանքային դժվարությունների հաղթահարման նպատակով, իսկ ընդհանուր աշխատանքային մթնոլորտը գնահատել է աջակցող։ Ուսուցչուհին իր հերթին նշել է, որ դասալսումները եղել են հաճախակի, խնդիրները բարձրաձայնվել են տարբեր հարթակներում, և իր ընկալմամբ՝ որոշակի լարվածություն է առկա եղել տնօրենի և տնօրենի տեղակալի հետ հարաբերություններում։ Միաժամանակ հաստատել է, որ դասալսումների քննարկումները եղել են ուսուցողական բնույթի, իսկ սովորողների ներկայությամբ դիտողություններ չեն արվել։
Վարույթում որպես փորձագետ ներգրավված «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետի իրականացրած հոգեբանական ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ տնօրենի և ուսուցչուհու միջև լարվածությունը կրել է ժամանակավոր բնույթ, ներկայումս աշխատանքային միջավայրը գնահատվում է հոգեբանորեն կայուն և բարենպաստ, իսկ դպրոցում բարոյահոգեբանական մթնոլորտը՝ առողջ և աջակցող։ Միաժամանակ առաջարկվել է ապահովել շարունակական հաղորդակցություն, իրականացնել պարբերական սոցիոմետրիկ հարցումներ, կազմակերպել հույզերի կառավարման և հաղորդակցման հմտությունների զարգացման դասընթացներ, ինչպես նաև տրամադրել մեթոդական խորհրդատվություն։
Վարույթի ընթացքում հաստատվել է, որ «Հայոց լեզու և գրականություն» մեթոդական միավորման ղեկավարի համակարգմամբ մինչև 5 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչների մոտ առնվազն 6 ամիս՝ շաբաթական առնվազն մեկանգամյա պարբերականությամբ, դասալսումներ չեն իրականացվել և համապատասխան մեթոդական աջակցություն չի տրամադրվել։ Այդ հանգամանքով խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի № 1392-Ն որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի № 216-Ն որոշմամբ հաստատված տնօրենի լիազորություններին և վերահսկողական գործառույթներին վերաբերող դրույթները։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածով և 54-րդ հոդվածի 1-ին մասով՝ ուսումնական հաստատությանը, ի դեմս տնօրենի տրվել է կարգադրագիր․
- իրականացնել վերահսկողություն «Հայոց լեզու և գրականություն» մեթոդական միավորման աշխատանքների համակարգման նկատմամբ, և ապահովել մինչև 5 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչների մոտ առնվազն 6 ամիս՝ շաբաթական առնվազն մեկանգամյա պարբերականությամբ դասալսումների իրականացումը և մեթոդական աջակցության տրամադրումը։
Տեսչական մարմինը կարևորում է, որ իրականացվող վարչական վարույթների և վերահսկողական գործառույթների հիմնական նպատակը ոչ միայն իրավախախտումների արձանագրումն է, այլև ուսումնական հաստատություններում կրթության որակի շարունակական բարձրացմանը նպաստելը։ Այդ համատեքստում տեսչական մարմինը իրականացնում է հետևողական և նպատակային աշխատանք՝ ուղղված օրենսդրական պահանջների պատշաճ կատարմանը, մեթոդական աջակցության խթանմանը և առողջ աշխատանքային միջավայրի ձևավորմանը՝ ի շահ սովորողների կրթական լավագույն արդյունքների ապահովման։